ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի զբաղվել ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, եւ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթաց գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 7-ի մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Արցախյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները տարածաշրջանում սեփական շահերն ունեն եւ ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում են հենց իրենց երկրների շահերի համատեքստում: Ես հարցի կարգավորման հարցում ոչ մի գործընթացի չեմ սպասում»: 

Նրա խոսքով` անհանգստացնում են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարդկային կորուստները եւ միջադեպերը: «Բայց դրանում պետք է մեղադրել մեզ, ոչ թե Մինսկի խմբին կամ ադրբեջանական կողմին: Հայաստանում քաղաքական եւ ռազմական այնպիսի վերնախավ է իշխում, որի համար մարդկային կյանքը որեւէ արժեք չի ներկայացնում»:

Սեֆիլյանը նշել է, որ բազմաթիվ լուծումներ կան շփման գծում զոհերից խուսափելու համար. «Ես շատ երկար ժամանակ ծառայել եմ բանակում, 1997-98թթ. հստակ առաջարկներ եմ ներկայացրել այն մասին, թե ինչպես կարելի է զոհերից խուսափել: Սակայն, քանի որ, ինչպես նշեցի, վարչակարգի համար մարդկային կյանքը որեւէ արժեք չի ներկայացնում, անիմաստ է առաջարկներ անել կամ խորհւրդներ տալ նրանց»: