ՀՅԴ-ն Հայաստանի կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջ է առաջադրել, ինչը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Գործադիր իշխանությունը, նշել է պատգամավորը, անկարող է իրագործել իր սոցիալ-տնտեսական ծրագրերը: Հանրապետության արտաքին պարտքը կուտակվում է, իսկ իշխանությունը ներքին տնտեսական աճը խթանելու միջոցներ ձեռնարկելու ի վիճակի չէ: Արդյունքում, 2010թ. Հայաստանից արտագաղթողների թիվը հասել է 89 900-ի: «Երկրում աճում է հոգեկան խանգարում ունեցողների, ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի թիվը», – նշել է Ռուստամյանը:
Ընդդիմանալով Ռուստամյանին` Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ արտաքին խոչընդոտները, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամը, կարող են ձգձգել ակնկալվող արդյունքները, բայց չեն կարող փոխել պետության տնտեսական ռազմավարությունը. «Փոթորիկը կարող է դանդաղեցնել նավի ընթացքը, բայց դրա ուղղությունը չի փոխվի», – նշել է Գաբրիելյանը:
Պատասխան խոսքում Ռուստամյանը նշել է. «Եթե նավն ուղղություն ունի, ցանկացած քամի համընթաց կլինի, իսկ եթե թիմը չգիտի` որ ուղղությամբ լողալ, ցանկացած քամի հոսանքին հակառակ կլինի», – ասել է Ռուստամյանը:
Անվստահություն հայտնելու համար ՀՅԴ-ն պետք է 27 պատգամավորների ստորագրություն հավաքի: Խմբակցությունը 16 հոգուց է բաղկացած: Մյուս ընդդիմադիր ուժը` «Ժառանգություն» -ը, 7: Չբավականացնող 4 ձայների համար Ռուստամյանը դիմել է իշխող կոալիցիայի պատգամավորներին:




























