Չեչնիայում «Պենտա» շինարարական ընկերության ղեկավար Սիյավուշ Մամեձադեն իր թուրք շինարար աշխատակիցներին թողել է առանց աշխատավարձի եւ փախել արտասահման:

Հանրապետության իրավապահ մարմիններից հայտնում են, որ նախօրեին Մամեձադեն հատել է ռուս-ադրբեջանական սահմանը: Չեչնիայում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նախնական տվյալներով, ընկերության ղեկավարը պարտքեր ուներ իր թուրք ու չեչեն աշխատակիցներին: Այս մասին IslamNews-ին հաղորդել են Չեչնիայի նախագահի մամուլի ծառայությունից: Հիմա Գրոզնիում սպասում են Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներին` խնդրի լուծմանն օգնելու համար:

Թուրք շինարարները, ովքեր Չեչնիայում կառուցել են «Չեչնիա-սիթի» գրասենյակային կենտրոնը եւ մի շարք այլ խոշոր շինություններ, մինչ այժմ չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը եւ վերադառնալ հայրենիք: Նրանք պնդում են, որ իրենց չեն վճարել մոտ 13 մլն դոլար:

Ներկայումս Գրոզնիի հանրակացարանում են տեղավորվել ավելի քան 500 թուրք ու ադրբեջանցի բանվորներ: Նրանց մի մասը վիզայի եւ այլ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունի: Մյուս մասի փաստաթղթերը գտնվում է ղեկավարության մոտ, որը չի ցանկանում վերադարձնել դրանք: Բանվորներին ասել են, որ թույլ չեն տա հեռանալ, քանի դեռ չեն ավարտել հիվանդանոցի շինարարությունը:

Նոյեմբերի վերջին, շուրջ 400 բանվորներ ինտերնետում ուղերձ են հրապարակել, որտեղ պնդել են, որ իրենց շահագործում են ստրուկների պես: Տեսաուղերձը գրավել է Թուրքիայի ԱԳՆ-ի ուշադրությունը, իսկ Ռամզան Քադիրովի օգնական Ալվի Քարիմովը հանդիպել է «Պենտա» ընկերության ղեկավար Սիյավուշ Մամեձադեի հետ, ով խոստացել է բանվորների տուն ուղարկել: Սակայն նա փախել է, իսկ բանվորները` մնացել:

Հատկանշական է, որ «Պենտա» ընկերությունը, փաստացի, մենաշնորհային դիրք ունի Չեչնիայում: