Գերմանական քաղաքների եւ Երեւանի միջեւ տեղական ինքնակառավարման համակարգում գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարներն են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ու Վերականգնման վարկերի բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավարները:
Քաղաքապետը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը, նշելով, որ Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է քաղաքային գործընկերային ձեւաչափով համագործակցության ակտիվացման եւ գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
«Մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը`սերտ մասնակցություն ակնկալելով քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ համատեղ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես ծրագրերում»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Որպես Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատգամավոր`քաղաքապետը փաստել է, որ գերմանացի գործընկերների հետ ձեւավորված հարաբերությունները պետք է դառնան ավելի գործնական եւ ամրապնդվեն համատեղ իրականացվող ծրագրերով:
Դեսպան Հանս-Յոխեն Շմիդթն իր հերթին նշել է, որ Հայաստանում ներկայացված գերմանական կազմակերպությունները մեծ փորձ ունեն քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների համակարգման ոլորտում եւ պատրաստակամություն է հայտնել իր առաքելոթյան շրջանակում նպաստել փոխադարձ կապերի ամրապնդմանն ու գերմանական կողմի մասնակցությանն այդ ծրագրերում:
Տարոն Մարգարյանը նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք Երեւանի քաղաքապետարանը ձեռնարկել է Վերականգնման վարկերի բանկի հետ, կունենան իրենց շարունակությունը եւ հույս է հայտնել, որ կգտնեն նաեւ համագործակցության այլ եզրեր:



























