Իռլանդիան մտադիր է սեփական փորձը կիրառել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցում: Այս մասին հայտարարել է Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իմոն Գիլմորը Վիլնյուսում ավարտին մոտեցող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Հիշեցնենք, որ 2012թ. Իռլանդիան ԵԱՀԿ-ն նախագահող երկիրն է լինելու:
Պատասխանելով NEWS.am-ի հատուկ թղթակցի հարցին, որը վերաբերում էր շփման գծում կատարվող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գործնական քայլերին, նախարարը նշել է, որ հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Նրա խոսքով` Իռլանդիան ԵԱՀԿ նախագահության ընթացքում մտադիր է ավանդ ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` հիմնվելով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման սեփական փորձի վրա: «Ղարաբաղյան հակամարտությունն ազգային արմատներ ունի, մենք դա հասկանում ենք», - նշել է Իմոն Գիլմորը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, 2011թ. մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել: Նրանք պայմանավորվել են «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»: Սակայն առայժմ այդ պայմանավորվածությունը չի իրագործվում:




























