ԱՄՆ-ում անցած օրերի ընթացքում «Գրավիր Վաշինգթոնը» ակցիայի 60-ից ավելի մասնակիցներ են ձերբակալվել: Երկրի բոլոր կողմերից Վաշինգտոնում հավաքված հազարավոր ամերիկացիները դեկտեմբերի 7-ին երթ են անցկացրել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որտեղ գտնվում են լոբբիստական առավել հայտնի ընկերությունների գրասենյակները:

Ձերբակալություններն սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները խմբվել են Վաշինգտոնի կենտրոնական բանուկ խաչմերուկներից մեկում` կաթվածահար անելով երթեւեկությունը: Ոստիկանությունը ստիպված է եղել շրջափակել ամբողջ այդ տարածքը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ իրավապահները ցուցարարների սուլոցների եւ բացականչությունների ներքո «զավթիչներին» մեկ առ մեկ տարել նստեցրել են մոտակայքում կայանած ոստիկանական միկրոավտոբուսներ: Ցուցարարներից շատերը վանկարկել են` «Ահա այսպիսին է ժողովրդավարությունը»:

Բողոքի ակցիայի մասնակիցների նպատակակետը քաղաքի գործարար հատվածն է եղել, որտեղ տեղակայված են մի շարք խոշոր ընկերությունների գրասենյակներ: Նրանց չի խանգարել անգամ հորդառատ անձրեւը: Արդեն մի քանի ամիս շարունակվող ակցիայի մասնակիցները խոստացել են ամբողջ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում միջոցառումներ անցկացնել:

Հիշեցնենք, դեկտեմբերի 7-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում (ԱՄՆ Քալիֆորնիա նահանգ) քանդել էին «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման վրանային ճամբարը:

Սոցիալական անհավասարության եւ կորպորացիաների գերիշխանության դեմ սեպտեմբերի 17-ից Նյու Յորքում սկսված  ցույցերը արագորեն տարածվել են ԱՄՆ շատ քաղաքներում: