Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է Մոսկվայի հետ հակահրթիռային պաշտպանության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել 2012թ. մայիսին Չիկագոյում կայանալիք հերթական գագաթաժողովի ընթացքում: Այդ մասին ՆԱՏՕ-ի 28 երկրների ԱԳ նախարարների մակարդակով անցկացված խորհրդի նիստում հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Անդրես Ֆոգ Ռասմուսենը: Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն հակահրթիռային պաշտպանության հարցում Ռուսաստանի հետ վստահելի եւ թափանցիկ համագործակցություն է ակնկալում:
Նա նշել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, սխալ է ընկալում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման նպատակը: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հստակ է. հակահրթիռային համակարգերը նրան հարկավոր են անվտանգության համար:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարեւորում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ ցանկանում է երկխոսություն սկսել կենսական անհրաժեշտություն դարձած ՀՀՊ-ի խնդրի շուրջ: Միեւնույն ժամանակ, Անդրես Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Մոսկվայի ծրագրերը` արեւմտյան հակահրթիռային պաշտպանության տեղակայման պատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ դա «հիշեցնում է նախորդ դարի առերեսումները եւ ՀՀՊ համակարգերի նպատակների լիակատար թյուրըմբռնում է ենթադրում»:
Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտնել է, որ «շատ լավատեսորեն» է տրամադրված Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հարցում: Նրա կարծիքով` Ռուսաստան-ՆԱՏՕ արտգործնախարարների մակարդակով խորհրդի նիստում արդեն կհաջողվի հաթել եղած թյուրիմացությունը, գրում է dni.ru-ն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Ռասմուսենն արդեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կոշտ հռետորաբանությունը տվյալ հարցի վերաբերյալ վերագրել էր «համակարգի սկզբունքորեն ոչ ճիշտ ընկալմանը»:



























