ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը գոհ է ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության, ինչպես նաեւ Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը կայացած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներից,  տեղեկացնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:

Ելույթ ունենալով ամփոփիչ մամլո ասուլիսում` նախարարը սկզբում ափսոսանք է հայտնել, որ լրագրողների անվտանգության եւ լրատվամիջոցների ազատության կարեւոր հարցի շուրջ չհաջողվեց համաձայնության գալ: Միեւնույն ժամանակ նա գոհունակություն է հայտնել, որ Իռլանդիայի արտգործնախարարը` ԵԱՀԿ հաջորդ նախագահը, եւս գիտակցում է այս հարցի կարեւորությունը: Աժուբալիսի խոսքով` լրագրողների անվտանգության եւ լրատվամիջոցների ազատության մասին որոշման ընդունումը արգելափակել է մեկ պետություն, բայց կտրականապես հրաժարվել է անունը հայտնելուց` հիշեցնելով, որ նիստը փակ է եղել:

Ընդհանուր առմամբ, ըստ Աժուբալիսի, նիստի եւ Լիտվայի նախագահության ընթացքում հաջողվել է զգալի արդյունքների հասնել: «Դա այն ոսկի միլիմետրն է, որի մասին ես ասում էի նախագահության սկզբում», - նշեց Աժուբալիսը` հիշեցնելով մերձդնեստրյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը: