ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը չի կարծում, թե Վիլնյուսում դեկտեմբերի 6-7-ը կայացած ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթը մասնակիցների «տրամադրությունը փչացրել է», տեղեկացնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ Քլինթոնի ելույթը մնացած մասնակիցների տրամադրության վրա եւ թե արդյոք այն պատճառ չհանդիսացավ ներկայացված մի շարք նախագծերի շուրջ համաձայնության չգալու համար, Աժուբալիսը հիշեցրել է, որ նախագծերի մեկ երրորդը` տասնյակ փաստաթղթեր, ընդունվել են, եւ դա վատ արդյունք չէ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ պատճառ չի տեսնում այս կամ այն ելույթից ինչ-որ մեկի տրամադրությունը փչանալու համար: Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ եթե ինչ-որ մեկը` լինի կին, թե տղամարդ, իրեն վիրավորված է զգում, պետք է հիշի, որ քաղաքականությամբ զբաղվելը նաեւ տհաճ իրավիճակներ է ենթադրում: «Եւ արդյունքի հասնելու համար չարժե հեռանալ եւ դուռը շրխկացնել», - ասել է Աժուբալիսը:

Հիշեցնենք, որ Քլինթոնը Ռուսաստանի իշխանությունների հասցեին խիստ քննադատություն է հնչեցրել`  անցած կիրակի օրը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների համար: Ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ «դատելով ամեն ինչից` Քլինթոնն ու իր թիմը Վիլնյուս են ժամանել միայն այն բանի համար, որ Դեմոկրատական կուսակցության ընտրողների աչքը մտնեն, ցույց տան, թե ինչքան  լավն են իրենք»: