Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ԿՀՎ-ի բանտեր են հայտնաբերվել, որոնք օգտագործվել են առանձնապես վտանգավոր հանցագործների համար:

Bright Light (Վառ լույս) անվանումը կրող գաղտնի բանտը գտնվել է Բուխարեստի հյուսիսում գտնվող խիտ բնակեցված թաղամասում:

Պաշտոնապես, այդ շենքում գտնվում է պետական գաղտնիքի ազգային գրանցման բյուրոն, որտեղ պահվում են ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության գաղտնի փաստաթղթերը:

Associated Press-ի տվյալներով, այդ բանտում որոշ ժամանակ պահվել են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչները, մասնավորապես, Հալիդ Շեյխ Մոհամեդը: Այնուհետեւ նրանք տեղափոխվել են հայտնի Գուանտանամոյի ամերիկյան բազա:

Ռումինիայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնի բանտի մասին նախկինում եւս նշվել էր, սակայն դրա կոնկրետ գտնվելու վայրն անհայտ էր: Ամերիկյան հատուկ ծառայությունները բանտեր ունեն նաեւ Թաիլանդում, Լիտվայում, Լեհաստանում եւ այլ երկրներում: Այ բանտերում, ըստ իրավապաշտպանների, ահաբեկչության մեջ կասկածվողներին տանջել են:

2009-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամբողջությամբ դադարեցրել է ԿՀՎ-ի համապատասխան ծրագիրը, որով հարցաքննել են ենթադրյալ ահաբեկիչներին, հիշեցնում է Lenta.ru-ն: