Հայ ազգային կոնգրեսն ուզում է ստեղծել մի Հայաստան, որտեղ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, սկսած նախագահից: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը:

«Փետրվարից Կոնգրեսն ակտիվ զանգվածային միջոցառումներ է սկսելու եւ խնդիր է դնելու հասնել իշխանափոխության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Անկախ ամեն ինչից ես որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել: Էական փոփոխություններ են լինելու»,- հայտարարեց նա ու շարունակեց. «Այսօր իշխանությունը գտնվում է մի վիճակում, որ բնորոշ է այն մարդուն, ով կանգնել է հոսող ավազների վրա: Որքան ուզում են բղավել, որ մենք թռչում ենք, իրականում երկիրն անկում է ապրում»:

Անդրադառնալով իշխանափոխության սցենարներին, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Մենք արաբական սցենարների կողմնակից չենք, մենք հայկական սցենարների կողմնակից ենք, եւ ունենք այդ փորձը 1988-ից: Մենք պատրաստ ենք այդ ճանապարհին համագործակցել ցանկացածի հետ, ով պատաստ է պայքարել այդ նպատակի համար»,- ամփոփդց ընդդիմադիր գործիչը: