Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների ոչ ժողովրդավար լինելու մասին հիմնված չէր իրական փաստերի վրա, բայց երկրի ներսում որոշ «գործիչների» ակտիվ աշխատանքի ազդանշանը դարձավ: Այս մասին նա նշել է այսօր` դեկտեմբերի 8-ին, Դաշնային համակարգող խորհրդի նիստում:
«Պետքարտուղարը ընտրություններին գնահատական է տվել` առանց նույնիսկ ԺՀՄԻԳ դիտոդների եզրակացությանը ծանոթանալու: Նա ազդանշան տվեց մեր երկրի որոշ գործիչների, որոնք սկսեցին Պետդեպարտամենտի աջակցությամբ աշխույժ գործունեություն ծավալել երկրի ներսում»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարն առաջարկել է խստացնել Ռուսաստանի քաղաքական կյանքին միջամտել փորձող «օտար պետությունների առաջադրանքներ կատարողների» պատիժը:
Քաղաքացիների բազմահազարանոց ցույցերին անդրադառնալով` նա նշել է, որ անհրաժեշտ է երկխոսություն սկսել ընդդիմադիրների հետ եւ նրանց հանրահավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքն օգտագործելու հնարավորություն ընձեռել: Իսկ «եթե ինչ-որ մեկն օրենք է խախտում, իրավապահ մարմինները պարտավոր են բոլոր օրինական միջոցներով պահպանել կարգը»:
Վարչապետը նշել է, որ «կազմակերպիչների մի մասը հայտնի սցենարով է գործում` իրենց նեղանձնական քաղաքական շահերից դրդված»: «Բայց մենք նաեւ գիտենք, որ Ռուսաստանում մարդիկ չեն ցանկանում Ղըրղզստանի կամ Ուկրաինայի վիճակում հայտնվել: Ոչ ոք քաոս չի ուզում», – վարչապետի խոսքերը մեջբերում է gazeta.ru-ն:
Վլ. Պուտինը նիստի ընթացքում ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինին առաջարկել է գլխավորել իր նախընտրական շտաբը, վերջինս ուրախությամբ համաձայնել է:
Պուտինը նշել է, որ Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը 50%-ով կփոխվի, 25%-ը կկազմեն «Ժողովրդական ճակատ»-ի անկուսակցական ներկայացուցիչները:



























