Կանայք պետք է ավելի շատ ղեկավար պաշտոններ զբաղեցնեն իշխանության բոլոր ոլորտներում: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Գոհար Ենոքյանը, հանդես գալով «Տղամարդկանց եւ կանանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

Օրինագիծը մշակել են ՀՀ կառավարությունը եւ ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը: Այդ օրինագծով առաջարկվում , մասնավորապես, պետական վերահսկողություն սահմանել կանանց եւ տղամարդկանց հավասար պայմաններ ապահովելու առումով` աշխատանքի ընդունելու, խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Այս օրինագծի վերաբերյալ ելույթ ունենալու ցանկություն էին հայտնել կին պատգամավորներ Գոհար Ենոքյանը (ԲՀԿ), Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) եւ Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն»):

Գոհար Ենոքյանն իր խոսքում նշել է, որ ԱԺ-ում կանայք կազմում են 9 տոկոս, 10 մարզպետների եւ 48 քաղաքապետերի շարքում ընդհանրապես կանայք չկան, կա միայն մեկ փոխմարզպետ:

Նրա խոսքով,  Հայաստանի մի քանի տասնյակ հազար գործատուներից միայն 600-ն են կանայք:

Նշենք, որ ինքը` Ենոքյանը տրիկոտաժի «Գարուն» միավորման ղեկավարն է, նաեւ ԱԺ-ի երկու գործարար պատգամավորներից մեկը (Մյուսը հանրապետական Հերմինե Նաղդալյանն է):