«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսից ստացել է «Ժառանգության»` դիտորդի կարգավիճակով ԵԺԿ-ին անդամակցությունը խորհրդանշող ԵԺԿ կրծքանշանը:

ԵԺԿ-ին «Ժառանգության» անդամակցության վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս կարեւորագույն իրադարձության մասին հայտարարվել է Մարսելում կայացած` ԵԺԿ 20-րդ համագումարում այդ կուսակցության նախագահի ելույթում: Հովհաննիսյանն առանձնազրույցներ է ունեցել Մարթենսի, ինչպես  նաեւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Իրժի Բուզեկի, Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի, եվրոպական մի շարք երկրների նախագահների, վարչապետների, պատգամավորների եւ ԵԺԿ ղեկավարների հետ:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները նույնպես դիմել են ԵԺԿ-ին` այդ կազմակերպությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Մարսելում մասնակցում է ԵԺԿ համագումարին, եւս նմանատիպ կրծքանշան է ստացել: