Մերձավոր Արեւելքում կատարվող դեպքերը չեն կարող կրկնվել նախկին Խորհրդային միության տարածքում, լինի դա Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր: Այդ մասին դեկտեմբերի 8-ին մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Լիբիայի սցենարը Ադրբեջանում կրկնվելու հավանականությունը:
Սաֆրաստյանի կարծիքով` նախկին ԽՍՀՄ տարածքում միանգամայն այլ ավանդույթներ են, եւ վերնախավը այլ դիրքում է. «Այսօր մենք ոչ մի լուրջ նշան չունենք, որ արաբական հեղափոխությունների ալիքը կարող է հասնել նախկին Խորհրդային միության տարածք: Սակայն դա չի նշանակում, որ Ադրբեջանում մարդու իրավունքների համար մղվող պայքարը չի ուժեղանա»:
Արաբական աշխարհում կատարվող դեպքերի համատեքստում խոսելով հայկական սփյուռքի մասին`Սաֆրաստյանը նշել է, որ Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայկական համայնքներին: «Դա անհրաժեշտ է նրա համար, որ բոլորն իմանան` հայ համայնքները թիկունք ունեն: Բոլոր հայերը պետք է իմանան, որ պետությունն աջակցում է իրենց եւ անհրաժեշտության դեպքում կարող է պաշտպանել»:
Ըստ թուրքագետի` դա կարեւոր է ոչ միայն հայերի, այլեւ այն երկրների համար, որտեղ հայկական համայնքներ կան, որպեսզի իմանան, որ հայերը պաշտպանված են:




























