Հայ ժողովուրդը շնորհակալ է բարեկամ Լիբանանին խորհրդարանական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 9-ին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստանը եւ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն են տածում Լիբանանի նկատմամբ: Մեզ կապում է պատմամշակութային առնչություններն ու դարավոր բարեկամությունը, պատմության ընթացքում մենք հաճախ միասին դիմակայել ենք նույն բռնակալներին, կիսել միմյանց ցավերն ու ուրախությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որին Լիբանանի հյուրընկալ հողում արժանացան նրա հազարավոր բռնագաղթված զավակները»,- ասաց Հայաստանի նախագահը։
Երկրի նախագահի խոսքով` հայ ժողովուրդը երախտապարտ է Լիբանանին խորհրդարանական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. «Նաեւ հանձինս նախագահ Սուլեյմանի, շնորհակալություն եմ հայտնել Լիբանանի կառավարությանը եւ քաղաքական վերնախավին ամեն տարվա ապրիլին Բեյրութում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացման գործում հայ համայնքին աջակցելու համար»:
Սարգսյանը նաեւ նշեց, որ բարձր է գնահատում Լիբանանում առկա եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ, ինչի արդյունքում հայ համայնքը թե՛ լիարժեք մասնակցություն է բերում Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում. «Դա հնարավորություն է տալիս հայ համայնքին ամրապնդել Հայրենիքի հետ ունեցած իր կապերը՝ յուրօրինակ կամուրջ եւ օղակ հանդիսանալով մեր երկու երկրների միջեւ: Ես չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով եւ վստահ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի խորացում եւ ամրապնդում` ի հարատեւություն մեր ժողովուրդների բարեկամության»:




























