Ադրբեջանը իսլամական երկրներում համառորեն փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել կրոնական հակասությունների լույսի ներքո: Այս մասին դեկտեմբերի 9-ին, Լիբանանի նախագահի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ, որ Հայաստանի եւ հակամարտության պատմությանը, պատճառներին շատ թե քիչ ծանոթ  մարդիկ չեն կարող հավատալ նման անհեթեթությանը:  Ամեն դեպքում, նման մոտեցումը շատ վտանգավոր ենք համարում, քանի որ կան շրջանակներ, որոնք ծանոթ չեն հակամարտության մանրամասներին, եւ նման հակահայկական քարոզչությունը  չի կարող անհետեւանք մնալ», - ասել է Սարգսյանը:

Նախագահի խոսքով` այս հարցում եւս կարեւոր է բարեկամ երկրների դիրքորոշումը, նրանց անկողմնակալ վերաբերմունքը, քանի որ ցանկացած ոչ կշռադատված քայլ նպաստում է տարածաշրջանի նուրբ հավասարակշռության խախտմանը: