Մոսկվայում դանակով անցորդների վրա հարձակված խելագարի զոհերից մեկը մահացել է ստացված վնասվածքներից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով առողջապահական հաստատությանը,  որտեղ տեղափոխել են կնոջը:

«Հիվանդանոց հասցված Պոտեխինա ազգանունով կինը ստացված վնասվածքներից մահացել է», - ասել է առողջապահական հաստատության ներկայացուցիչը:

Հաղորդումն այն մասին, որ Կորնեյչուկի փողոցում անհայտ տղամարդը դանակի միջոցով մարմնական վնասվածքներ է հասցնում անցորդներին, ստացվել է ժ. 12:35-ին:  Արագ արձագանքման խմբի դեպքի վայր ժամանած անդամները բռնել են կասկածյալին, որի մոտից մեծ դանակ են առգրավել:  Տղամարդը նաեւ հարձակվել էր երեխայի հետ գնացող կնոջ վրա, ընդ որում` անչափահասին ձեռք չէր տվել:

Տուժածների մեծամասնությունը տարեց մարդիկ են: Նրանք այժմ գտնվում են Մոսկվայի տարբեր հիվանդանոցներում:  Մի կին ծանր վիճակում տեղափոխվել է Բոտկինյան հիվանդանոց: