Այսօր, դեկտեմբերի 9-ին Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքում իրականացրած ահաբեկչության մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն: Այդ մասին նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` ավելացնելով, որ ողբերգության մասին իմացել է Հայաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում:
«Լիբանանի անվտանգության ուժերը կանեն ամեն ինչ, որպեսզի գտնեն եւ ձերբակալեն մեղավորներին եւ բացառեն նման ողբերգության կրկնությունը: Լիբանանի ժողովուրդն ու իշխանությունները մեծապես շնորհակալ են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին, մասնավորապես, ֆրանսիացի խաղաղապահներին եւ բոլոր տուժածներին մաղթում են առողջացում», - ասել է Սուլեյմանը:
Լիբանանի նախագահի խոսքով, այդ ահաբեկչությամբ ահաբեկիչները ցանկանում են հասնել երկրից խաղաղապահների դուրսբերմանը եւ խաղաղ գործընթացի տապալմանը. «Նման գործողությունները չպետք է վիժեցնեն խաղաղ գործընթացը: Այսպիսի ահաբեկչական գործողությունները չպետք է բերեն խաղաղապահ ուժերի նահանջի եւ աշխարհում ահաբեկչական կազմակերպությունների ազդեցության մեծացման»:
Լիբանանի նախագահը վստահություն է հայտնել, որ խաղաղության հաստատման համար ջանք թափող Ֆրանսիան չի տրվի այս սադրանքին. «Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը թույլ չի տա, որ ահաբեկչական ցանցն ընդլայնվի եւ ահաբեկչությունների թիվը տարածաշրջանում մեծանա»:
NEWS.am-ը հաղորդել է, որ դեկտեմբերի 9-ին Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են ՄԱԿ-ի առաքելության ֆրանսիական պարեկի հինգ խաղաղապահներ:
Միջադեպը տեղի է ունեցել Բուրջ ալ-Շիմալի գյուղի մոտակայքում, Տիր քաղաքի շրջակա տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զրահամեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից, հաղորդում է Associated Press-ը:
Բժիշկների տեղեկություններով, ֆրանսիացիներից մեկի վիճակը ծանր է գնահատվում, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, պայթյունի հետեւանքով տուժել է տեղի բանկիչներից մեկը, որի վիճակը միջին ծանրության է:
Ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի վերցրել ահաբեկչության համար: Խաղաղապահների վրա կատարված հարձակումը դատապարտել են Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, Ֆրանսիայի արտգործ նախարար Ալեն Ժյուպենը:




























