Մոսկվայի ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը դադարեցրել է իր գործունեությունը բացահայտված «հրդեհային անվտանգության խախտումների պատճառով, որոնք վտանգ են ներկայացնում այցելուների համար», ասված է թանգարանի կայքում զետեղված հայտարարության մեջ: Խնդիրը ստուգման ժամանակ հայտնաբերել են Շինարարության փորձագիտական, հետազոտությունների և թեստավորման կենտրոնի աշխատակիցները։ Խախտումները պետք է վերացվեն՝ հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար:
Թանգարանի տնօրինությունը փակումն անվանել է ժամանակավոր, սակայն չի նշել անհրաժեշտ աշխատանքների ավարտի ժամկետը։ Տոմսեր գնած այցելուներին խոստանում են վերադարձնել գումարը:
«Москва» գործակալության տվյալներով՝ խնդիրներ են առաջացել թանգարանի տարածքում մետրոյի օդափոխման լիսեռի տեղակայման պատճառով։ Գործակալության աղբյուրը մայրաքաղաքի մշակույթի վարչությունում պարզաբանել է, որ հրդեհի դեպքում ծուխը կարող է խաթարել Մոսկվայի մետրոպոլիտենի օդափոխության համակարգի աշխատանքը։ Թանգարանը կարող է կրկին բացել իր դռները հնարավոր վտանգները վերացնելուց հետո, նշել է նա։ Շենքը, որը թանգարանը զբաղեցնում է 2015 թվականից, նախկինում նման հարցեր չի առաջացրել։
Նման իրավիճակ եղավ 2022 թվականին Մոսկվայի վավերագրական ֆիլմերի կենտրոնում: Կենտրոնը հուլիսին հայտարարեց նաև «ժամանակավոր փակման» մասին՝ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացման համար: Մեկ ամիս անց պարզվեց, որ Մոսկվայի թանգարանը, որին պատկանում էր Մշակույթի կենտրոնական տունը, որոշել է դադարեցնել վարձակալությունը՝ վկայակոչելով հրդեհային անվտանգության պահանջները։
Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հրամանի նախագիծ է պատրաստել խորհրդային բռնաճնշումների զոհերի վերականգնման մասին որոշումների վերանայման վերաբերյալ։ Դա վերաբերում է «դավաճանության» կամ «ֆաշիստների հետ համագործակցության» մեջ մեղադրվողներին։ Փաստաթղթում չի պարզաբանվում բռնադատվածների մեղքի վերանայման չափանիշները։
Նույն ամսին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը հայտարարել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում չեղարկվել է ստալինյան բռնաճնշումների ավելի քան 4 հազար զոհերի վերականգնումը։ Իսկ հոկտեմբերին Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել էր անցկացնել քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ՝ «Անունների վերադարձ» միջոցառումը՝ վկայակոչելով «կորոնավիրուսային սահմանափակումները»։





























