ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։
Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ղեկավարների 31-րդ ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Նախագահ Բայդենը դատապարտել է Ռուսաստանում հազարավոր հյուսիսկորեական զինծառայողների տեղակայումը, որը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմի վտանգավոր ընդլայնում է և լուրջ հետևանքներ ունի ինչպես եվրոպական, այնպես էլ հնդխաղաղօվկիանոսյան խաղաղության և անվտանգության համար։ Նա խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական բազային ՉԺՀ-ի շարունակական աջակցության կապակցությամբ», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Բայդենը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների հավատարմությունը միջազգային իրավունքին, Հարավչինական և Արևելաչինական ծովերում նավագնացության, օդագնացության ազատությանը, խաղաղությանը և կայունությանը, նշում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Թայվանի վերաբերյալ Նախագահ Բայդենն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների «մեկ Չինաստանի» քաղաքականությունը մնում է անփոփոխ և հիմնված է Թայվանի հետ հարաբերությունների մասին օրենքի, երեք համատեղ կոմյունիկեի և վեց երաշխիքի վրա։ Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները դեմ է ստատուս-քվոյի ցանկացած միակողմանի փոփոխությանը և որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ կողմերի միջև տարաձայնությունները կլուծվեն խաղաղ միջոցներով, և որ աշխարհը շահագրգռված է Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության մեջ: Նա կոչ է արել դադարեցնել Թայվանի շուրջ ՉԺՀ-ի ապակայունացնող ռազմական ակտիվությունը»,- ասվում է հաղորդման մեջ:
Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» պետական գործակալությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահն իր հերթին նշել է, որ «երբ Չինաստանը և Միացյալ Նահանգները միմյանց վերաբերվեն գործընկերոջ և բարեկամի նման, սկսեն շփման կետեր փնտրել՝ մի կողմ դնելով տարաձայնությունները և օգնեն միմյանց. հաջողության հասնելու, նրանց հարաբերությունները զգալի առաջընթացի կհասնեն»։ Բայց եթե Չինաստանը և Միացյալ Նահանգները միմյանց ընկալեն որպես մրցակիցներ կամ հակառակորդներ, կատաղի մրցակցություն վարեն և փորձեն վնասել միմյանց, դա կփչացնի երկկողմ հարաբերությունները կամ նույնիսկ հետ կտանի դրանք, հավելել է Չինաստանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն, որպես երկու խոշոր երկրներ, պետք է նկատի ունենան ամբողջ աշխարհի շահերը և ավելի շատ վստահություն և դրական էներգիա տան անհանգիստ աշխարհին։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններին՝ Սի Ծինփինը նշել է, որ ԱՄՆ-ի հետ կայուն, առողջ և հաստատուն հարաբերությունների ապահովման Չինաստանի նպատակը մնում է անփոփոխ։
Ըստ նրա, Չինաստանի հավատարմությունը փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մնում է անփոփոխ։




























