Սենատի հանրապետականների կեսից ավելին, ներառյալ բարձրաստիճան ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, մասնավոր կարգով հայտարարում են, որ հավանական չեն համարում գլխավոր դատախազի պաշտոնում  Ֆլորիդայից  նախկին հանրապետական պատգամավոր Մեթ Գեթցի նշանակումը և չեն աջակցի նրա թեկնածությունը Արդարադատության նախարարության ղեկավարի պաշտոնում,  ըստ բազմաթիվ աղբյուրների, որոնք խոսել են NBC News-ի հետ՝ անանունության պայմանով:

Թեև Սենատի հանրապետականները կասկածներ ունեն Գեթցի հաստատման վերաբերյալ, սակայն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը շարունակում է վստահ լինել, որ նա ի վերջո կհաստատվի, նույնիսկ եթե դա տեղի ունենա ծանր պայքարից հետո: NBC News-ը զրուցել է ևս 15–ից ավելի հանրապետական աղբյուրների հետ, որոնք համաձայնել են, որ Սենատում բավարար ձայներ չկան Գեթցին հաստատելու համար, իսկ ոմանք հաշվել են, որ մոտ 30 հանրապետականներ նրան անհամապատասխան թեկնածու են համարում: Ըստ աղբյուրների, Գեթցը և Թրամփի փաստաբան Թոդ Բլանշը ամբողջ թափով առաջ են շարժվում՝ փորձելով մտնել Արդարադատության նախարարություն: Հաստատվելու դեպքում Բլանշը կզբաղեցնի Արդարադատության նախարարության երկրորդ ազդեցիկ պաշտոնը՝ ամբողջ երկրում վերահսկելով ԱՄՆ բոլոր դատախազությունները:

Երբ նորընտիր նախագահն առաջին անգամ հայտարարեց իր ընտրության մասին, շատ հանրապետականներ, բացառությամբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, որին զգուշացրել էր Թրամփը, ապշել էին: Ներկայացուցիչների պալատում իր կարճաժամկետ ներկայության ընթացքում Գեթցը հաճախ էր հայտնվել աղմկահարույց պատմությունների մեջ:

Նա հետաքննվել է ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից «սեռական շահագործման նպատակով 17-ամյա աղջկա ենթադրյալ առևանգման» գործով, թեև միշտ հերքել է մեղադրանքը և երբեք քրեական պատասխանատվության չի ենթարկվել։

Սակայն հինգշաբթի օրը 17-ամյա աղջկա փաստաբանը X- իր միկրոբլոգում գրել էր, որ «աղջիկը ավագ դպրոցի աշակերտուհի էր, և ականատեսներ են եղել», երբ կատարվել է ենթադրյալ միջադեպը։ Փաստաբան Ջոն Քլյունը նույնպես կոչ է արել հրապարակել Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովի զեկույցը, որը մանրամասնում է Գեթցի վերաբերյալ հանձնաժողովի հետաքննությունը, որը շարունակվում է արդեն մի քանի տարի:

Ուրբաթ օրը Ջոնսոնը հայտարարել է, որ «վճռականորեն պահանջելու է», որ զեկույցը չհրապարակվի, թեև մի քանի հանրապետական ​​սենատորներ ասել են, որ ցանկանում են տեսնել զեկույցը՝  նախքան հաստատման քվեարկությունը: