Ես չեմ բացառում, որ Գնել Սանոսյանի դեպքում ինչ-որ տեղափոխության հարց է լինելու, այլ պաշտոնի է նշանակելու, գուցե նույն ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով դիտրկմանը, որ Փաշինյանը դժգոհ էր ուժայիններից, սակայն հրաժարական են տվել նաեւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Բադասյանի դեպքում էլ բառացիորեն մեղավոր պետք է գտնել, որովհետև այս տարվա պետական բյուջեի կատարողականը թույլ է, այսինքն այն պլանավորվածը, որ պետք է հավաքագրվի, թերակատարվելու է, տարբեր գնահատականներով, մինչեւ 20 մլրդ դրամի շրջանակներում: Սա նշանակում է, որ տնտեսական բյուջեի որոշ ծախսեր չեն կատարվելու:
Բայց ես նաեւ չեմ բացառում, որ Բադասյանի դեպքում նաեւ ներկլանային հարցեր կան, որովհետեւ ՔՊ-ի ներսում նաև լուրջ ներկլանային պայքար է գնում: Բադասյանը, որքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից չէ, իր կլանից չէ, այլ ազդեցության խմբից է»,- հայտարարեց նա:





























