ՀՀ հարկային քաղաքականությունն  ուղղված է հարկային համակարգերի արդարության եւ հավասարության ապահովմանը։ Այս մասին Ազգային ժողովում, նոյեմբերի 19-ին հարկային ռեֆորմների թեմայով լսումների ժամանակ ասել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Կառավարության ներկայացրած նախագծերը, ինչպես նշել է փոխնախարարը, նախատեսում են պրոֆեսիոնալ ծառայությունների ոլորտի տեղափոխում շրջանառության հարկի ռեժիմից հարկման ընդհանուր համակարգ։ «Այս փուլում հարկային քաղաքականությունը, որն իրականացնում է կառավարությունը, ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի կիրառման մասշտաբների կրճատմանը։ Մասնավորապես, շրջանառության հարկի եւ միկրոձեռներեցության հարկման համակարգերի»,- նշել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայում շրջանառության հարկի համակարգում գործող անձինք, օրինակ, անհատ ձեռներեցները, վճարում են շրջանառության հարկի առավելագույնը 5 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է հարկային բեռից, որը սահմանվել է հարկման ընդհանուր համակարգում նույն գործունեության համար։ Դա, կառավարության կարծիքով, անհավասար իրավիճակ է ստեղծում, հատկապես անհատ ձեռներեցների համեմատ, որոնք հարկվում են շրջանառությունից, եւ, օրինակ, աշխատավարձ ստացող մասնագետների համար։

Իսկ ներկայացված նախագծով մի շարք պրոֆեսիոնալ ոլորտներ առաջարկվում է տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ արդեն 2025թ. հուլիսի 1-ից։ «Դրանց կպատկանեն գործունեության հետեւյալ ոլորտները. իրավաբանական, հաշվապահական, գլխավոր օֆիսների գործունեությունը, կառավարման հարցերի խորհրդատվությունները, շենքերի շինարարությունը, քաղաքացիական շինարարությունը եւ այլ պրոֆեսիոնալ շինարարական գործունեությունը, անշարժ գույքի գործողությունները պարգեւավճարի դիմաց կամ պայմանագրային հիմքով, ճարտարապետական կամ ինժեներական գործունեությունը, տեխնիկական փորձարկումները եւ վերլուծությունները, գովազդային գործունեությունը եւ շուկայի իրավիճակի հետազոտությունը, այլ պրոֆեսիոնալ եւ տեխնիկական գործունեությունը եւ այլն»,- նշել է փոխնախարարը։

Պողոսյանը համոզված է. նոր համակարգի ներդրումը կնպաստի միասնական եւ հավասար հարկային միջավայրի ձեւավորմանը։ Դա թույլ կտա նաեւ բացառել հարկային պլանավորման եւ հարկերի վճարումներից խուսափելու հնարավորությունները։

Փոխնախարարի հիմնավորումները, սակայն, չգոհացրին  «Հայաստան»  ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։ «Ձեր ներկայացրած հիմնավորումներից կարող է տպավորություն ստեղծվել, որ պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող անձինք մինչ այժմ այդ հարկային համակարգի կամ նման հեղափոխական շրջանցում են իրականացրել, կամ այնքան երկար չեն վճարել հարկերը, որ դուք պարզապես ստիպված եք եղել վերականգնել արդարությունը։ Ձեր ներկայացրած հիմնավորումից հետեւում է, որ Հայաստանում մինչեւ այժմ գործել է անարդար հարկային համակարգ»,- ասել է Մինասյանը՝ դիմելով կառավարության ներկայացուցչին։

Նշելով, որ այս փաստարկները հակասում են տնտեսական եւ իրավական կանոններին, պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ փոքր եւ միջին ձեռնարկություններն ապահովում են Հայաստանում զբաղվածության էական հատվածը։ Իսկ նախագծում չկա այն բանի գնահատականը, թե ինչ հետեւանքների կարող են հանգեցնել կառավարության նախաձեռնած փոփոխությունները զբաղվածության ոլորտում։

Արման Պողոսյանը, այնուամենայնիվ, պնդել է, որ կառավարության քաղաքականությունը ուղղված կլինի հարկման հատուկ համակարգերի կիրառման նեղացմանը։ Այս մասին նշված է նաեւ կառավարության ծրագրում։ Նրա խոսքով՝ հարկման գործող համակարգը պարունակում է «էական անարդարության» տարրեր»։ «Միկրոձեռներեցը հարկ չի վճարում նույն գործունեության համար, իսկ շրջանառության հարկի դեպքում վճարվում է միայն որոշակի հարկ։ Իսկ հարկման ընդհանուր համակարգում վճարվում է 6 անգամ ավելի»,- նշել է փոխնախարարը։

Նա նշել է, որ միկրոձեռներեցության հարկման դեպքում, կառավարության գնահատականներով, զբաղվածության վրա ազդեցությունը էական չի լինի։

Մինասյանը, սակայն, նշել է, որ կառավարության ծրագրում չկա պնդում այն մասին, որ շրջանառության հարկ չվճարելու արտոնությունը պետք է հանվի փոքր եւ միջին բիզնեսի վրայից։