Թուրքական կառավարությունը խնդրել է երկրի առաջատար արտահանման ասոցիացիաներից մեկին օգնել Իսրայելի հետ առևտրի արգելքի իրականացմանը, որը վերջին շաբաթների ընթացքում դանդաղեցրել է ապրանքների հոսքը, հայտնում է Reuters-ը:
Անկարան բախվել է հանրային քննադատության՝ Իսրայելի հետ առևտուրը շարունակելու հնարավորության առնչությամբ՝ հաշվի առնելով մայիսյան արգելքից հետո դեպի պաղեստինյան տարածքներ արտահանման աճը:
Ըստ աղբյուրների՝ Անկարան դիրմել է «Կենտրոնական Անատոլիայի արտահանողների ասոցիացիային»։
Հաղորդվում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը ասոցիացիային խնդրել է լրացուցիչ ստուգումներ և հաստատումներ իրականացնել առաջարկվող մատակարարումների համար, ներառյալ Պաղեստինի իշխանությունների հետ համակարգումը:
Արտահանման ասոցիացիայի մի աղբյուր էլ հայտնել է, որ նոր համակարգը ուժի մեջ է մտել հոկտեմբերի կեսին, ինչը հանգեցրել է նախնական կուտակումների:
«Գլխավոր խնդիրն այն էր, որ ապրանքները դեռ ուղղվում էին Իսրայել, ուստի Պաղեստին արտահանման առնչությամբ ընթացակարգային փոփոխություններ եղան»,-նշել է նա:
Գործակալության տվյալներով՝ ի պատասխան Reuters-ի հարցման՝ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է, որ ապրանքներն ուղարկվում են երկկողմ առևտրային մեխանիզմի շրջանակում՝ միայն պաղեստինյան իշխանությունների թույլտվությամբ։
«Նպատակակետը Պաղեստինն է, իսկ ներմուծողը՝ պաղեստինցին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի պաշտոնական տվյալներով՝ մայիսից ի վեր Թուրքիան զրոյացրել է արտահանումը Գազա՝ այս տարվա առաջին չորս ամիսների միջին ամսական 380 միլիոն դոլարից։
Բայց միևնույն ժամանակ, դեպի պաղեստինյան տարածքներ արտահանումը, որը պետք է իրականացվի Իսրայելի միջով, հունիս-սեպտեմբեր ամիսներին աճել է մոտ 10 անգամ և կազմել ամսական միջինը 127 միլիոն դոլար՝ տարվա առաջին չորս ամիսների ընդամենը՝ 12 միլիոն դոլարի համեմատ։



























