Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հասկացնել է տվել, որ Ֆրանսիան թույլ է տալիս օգտագործել իր հեռահար զենքերը Ռուսաստանի տարածքում։
Նա նշել է, որ Ուկրաինան կարող է հարձակվել ռուսական տարածքի վրա ֆրանսիական հեռահար հրթիռներով «ինքնապաշտպանության տրամաբանությամբ»։ Նա հրաժարվել է հաստատել, թե արդյոք դա արդեն տեղի է ունեցել գործնականում:
Ֆրանսիան Ուկրաինային մատակարարում է SCALP թեւավոր հրթիռներ, որոնք նման են բրիտանական Storm Shadow-ին: Storm Shadow-ն այս շաբաթ օգտագործվել է Կուրսկի շրջանի հրամանատարական կետի վրա հարձակման ժամանակ: Այս մասին հինգշաբթի օրը խոսել է ինքը՝ Վլադիմիր Պուտինը՝ այս միջադեպը ներկայացնելով որպես նոր բալիստիկ հրթիռով Դնեպրին պատասխան հարված հասցնելու պատճառ։ Ուկրաինական և արևմտյան աղբյուրները հաստատել են ռուսական հրամանատարական բունկերին Storm Shadow հարվածի փաստը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան թույլ է տալիս Ուկրաինա սեփական զորքեր ուղարկելու հնարավորությունը (երկրի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ այս մասին խոսեց տարեսկզբին, սակայն արևմտյան մյուս առաջնորդներից ոչ մեկը նրան չաջակցեց դրանում), Բարոն պատասխանեց.
«Մենք ոչ մի տարբերակ չենք բացառում»։
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր անվտանգությունը վտանգված է: Ամեն անգամ, երբ ռուսական բանակը մեկ քառակուսի կիլոմետր առաջ է շարժվում, մեկ կիլոմետրով ավելի մոտ է հայտնվում Եվրոպային»,- ընդգծեց նախարարը։
Բարոն ասել է, որ Ֆրանսիան պաշտպանում է Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավիրելու գաղափարը, սակայն դեռ չի համոզել իր բոլոր «բարեկամներին և դաշնակիցներին»:

Հասանելի է
русскийԹեմա



























