Անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն առաջատարն է Ռումինիայի նախագահի ընտրություններում ընտրաթերթիկների 98,66 տոկոսի հաշվարկից հետո։ Այս մասին տեղեկացրել է AFP-ը։

Գործակալության տվյալներով՝ նա հավաքում է 22,59 տոկոս ձայն, իսկ վարչապետ Մարչել Չոլակուն՝ 19,55։ Ազգայնական «Ռումինացիների միավորման դաշինքի» թեկնածու Ջորջե Սիմիոնը հավաքում է 13,94 տոկոս։

62-ամյա Կելին Ջորջեսկուն մասնագիտությամբ գյուղատնտես է։ 2000-ականների կեսերին նա դարձել է ԱԳՆ վարչություններից մեկի ղեկավարը, հետո զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՄԱԿ-ում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Ջորջեսկուն քանիցս առաջադրվել է վարչապետի պաշտոնում՝ լինելով կայուն զարգացման գծով փորձագետ, բայց չի նշանակվել։

Ջորջեսկուն ենթարկվում է քննադատության ազգայնական հայացքների համար, նա զուսպ է ՆԱՏՕ-ին Ռումինիայի անդամակցության եւ զգույշ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա որոշ ժամանակ եղել է «Ռումինացիների միավորման դաշինք» ազգայնական կուսակցության անդամ, բայց հետո դուրս է եկել կուսակցությունից։ Նրա հաջողությունն ընտրություններում բացատրվում է հաջող գործունեությամբ TikTok ցանցում։

«Ռումինացիների միավորման դաշինքի» ղեկավար Ջորջե Սիմիոնը, որն այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը թեկնածուների շարքում, ողջունել է այն փաստը, որ Ռումինիայի նախագահական ընտրությունների «երկրորդ փուլ դուրս է գալիս անկախ թեկնածու»։