ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 25 տոկոսանոց տուրքեր մտցնել մեքսիկական եւ կանադական բոլոր ապրանքների վրա՝ կապված անլեգալ միգրացիայի եւ թմրանյութերի մաքսանենգության հետ։
«Բոլորը գիտեն, որ հազարավոր մարդիկ հայտնվում են [ԱՄՆ-ում] Մեքսիկայից եւ Կանադայից, ինչի պատճառով հանցավորությունը եւ թմրաթրաֆիկը հասել են մինչ այժմ չտեսնված ցուցանիշների։ Հունվարի 20-ին իմ առաջին հրամանագրերից մեկը կդառնա անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ստորագրումը, որպեսզի Մեքսիկայից եւ Կանադայից գանձվի 25 տոկոս սակագին ԱՄՆ մատակարարվող բոլոր ապրանքներից»,- գրել է նա երկուշաբթի Truth Social սոցցանցի իր էջում՝ ավելացնելով, որ Մեքսիկան եւ Կանադան ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի լուծեն այս հին խնդիրը»։
«Այդ սակագները կգործեն այնքան ժամանակ, մինչեւ որ թմրանյութերը, հատկապես ֆենտանիլը, ինչպես նաեւ անլեգալ միգրանտները դադարեն հեղեղել մեր երկիրը։ Մեքսիկան եւ Կանադան լիակատար իրավունք եւ հնարավորություն ունեն կարգավորել այս աճող խնդիրը։ Մենք պահանջում ենք, որպեսզի նրանք օգտվեն իրենց իշխանությունից, իսկ առայժմ դա չեն անում, նրանք ստիպված են շատ բարձր գին վճարել»,- ավելացրել է Թրամփը։
Անցած տարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնները տեղեկացրել են, որ մահացության մակարդակը երկրում Մեքսիկայից ներկրված ափիոնային սինթետիկ ֆենտանիլից ավելացել է գրեթե չորս անգամ 2016-2021թթ.։ Ինչպես նշել են կենտրոնները, ԱՄՆ-ը բախվում է ծավալուն ափիոնային համաճարակի, որն ամեն տարի խլում է մոտ 100 հազար ամերիկացիների կյանքը։



























