Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող է կորցնել բյուջեի մեկ քառորդ մասը, եթե ԱՄՆ-ը դուրս գա  կազմակերպությունից այն բանից հետո, երբ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնի պաշտոնը։ Այսպիսի գնահատական է հնչեցրել Politico թերթը։

Պարբերականը նշել է, որ ԱՀԿ-ն կարող է կորցնել իր գլխավոր պետական դոնորին եւ հարյուր միլիոն դոլարների մուծումներ, եթե ԱՄՆ-ը դուրս գա կազմակերպությունից, ինչին Թրամփն արդեն փորձել է հասնել իր առաջին նախագահության ժամանակ։ Թրամփը կարող է ԱՄՆ-ը հանել ԱՀԿ կազմից՝ առանց Կոնգրեսի հավանության, բայց պետք է օրենսդիրներին տեղեկացնի փաստացի դուրս գալուց մեկ տարի առաջ, նշել է թերթը։ Այդ ընթացքում ԱՄՆ-ը կշարունակի մուծումներ կատարել։ ԱՄՆ մուծումների բաժինը կազմում է կազմակերպության հիմնական տարեկան բյուջեի մոտ մեկ քառորդը, նշել է թերթը։ Վերջին տարիներին այդ գումարը տատանվել է 162-816 մլն դոլարի սահմաններում։

Թերթի գնահատականներով՝ ԱՀԿ-ն կարող է բախվել դժվարությունների առողջապահության համաշխարհային համակարգի համար լարված շրջանում։ Խոսքն Աֆրիկայում շարունակվող խոլերայի եւ գրիպի բռնկումների, ինչպես նաեւ այն հիվանդությունների մասին է, որոնք տարածվում են Գազայի հատվածի հակամարտության գոտում եւ Սուդանում։ Բացի այդ, ինչպես անհանգստանում են ամերիկացի պաշտոնյաները, եթե երկիրը դուրս գա կազմակերպությունից, ԱՄՆ-ում դեղեր արտադրողները կարող են զրկվել ԱՀԿ օգնությունից դեղամիջոցների վաճառքի հարցում։ ԱՄՆ-ը կկորցնի նաեւ գլոբալ ցանցի հասանելիությունը, որը ամեն տարի որոշում է գրիպի դեմ պատվաստանյութի կազմը։

2020թ. Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերություններն ԱՀԿ-ի հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է վերափոխումների իրականացումից, որոնք պնդում էր ամերիկյան վարչակազմը։ Թրամփը ԱՀԿ-ին մեղադրել էր այն բանում, որ այն իբր հայտնվել է Չինաստանի լիակատար ազդեցության տակ։ Թրամփի վարկածով՝ Չինաստանի իշխանությունները եւ ԱՀԿ ղեկավարությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել կորոնավիրուսի տարածման հետ կապված։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը չեղարկել է Թրամփի որոշումը 2021թ. պաշտոնն ստանձնելուց հետո։