Հայաստանի կառավարությունը նախատեսվում է Ասիական զարգացման բանկից ներգրավել շուրջ 2 մլն դոլար, որը կուղղվի Հայաստանում կին գործարարներին վարկային երաշխավորությունների տրամադրմանը: Այդ մասին նշված է Փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012 թվականի ծրագում, որը կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում է:

Վարկային երաշխավորությունների տրամադրման առավելագույն ժամկետը կազմում է 5 տարի: Այն չի կարող գերազանցել վարկային պարտավորության (վարկի մայր գումար եւ տոկոսներ) 70 տոկոսը եւ 15 մլն դրամը: Վարկային երաշխավորությունները տրամադրվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի (Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն) գործընկեր բանկերի («Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Արդշինինվեստբանկ», «Անելիք բանկ», «Ինեկոբանկ», «Հայբիզնեսբանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ» եւ «Արմսվիսբանկ») միջոցով: