ՀՀԿ-ի ոչ խորհուրդը, ոչ էլ գործադիր մարմինը համագումարի օրակարգին վերաբերող հարցեր չի քննարկել եւ առհասարակ չի քննարկել, թե խորհրդում եւ գործադիր մարմնում ովքեր են ընտրվելու: Ինչպես նաեւ առաջարկներ էլ չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքելով մամուլում տեղ գտած այն անուններին, որոնք հունվար կամ փետրվար ամիսներին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարում ընտրվելու են կուսակցության նոր 14 հոգուց բաղկացած գործադիր մարմնում, իսկ որոշները դուրս են մնալու: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ դա մամուլի տեսական վերլուծությունն է, մեկնաբանությունն է եւ ավելացրեց.«Դա կլինի համագումարի ժամանակ կամ համագումարին նախորդող խորհրդի նիստի ժամանակ: Մենք մեր կուսակցության կանոնադրության համաձայն` 2 տարին մեկ իրականացնում ենք կուսակցության հերթական համագումարը եւ համագումարի ընթացքում ընտրվում են կուսակցության ղեկավար մարմինները` խորհուրդը եւ գործադիր մարմինը»:
Հարցին, թե ամեն դեպքում փոփոխություններ կլինեն, թե ոչ, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, քանի որ դա պետք է ընտրի համագումարը, պատվիրակները: Ընդամենը կարող եմ ասել, որ 2009թ-ի համագումարին փոփոխություններ եղան, թե խորհրդում, թե գործադիր մարմնում: Այս համագումարից հետո փոփոխություններ կլինեն, թե չեն լինի դա կախված է կուսակցության ղեկավարից, կուսակցության գործադիր եւ խորհրդի անդամների առաջարկությունից եւ բնականաբար մեր համագումարի պատվիրակների ընտրությունից, քանի որ ի վերջո դա արվում է ընտրությամբ»:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` 14 հոգուց բաղկացած ՀՀԿ գործադիր մարմնում էական փոփոխություններ են լինելու: Ըստ շրջանառվող խոսակցությունների` ներկայիս կազմից նոր մարմնում չեն լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ոմանք չեն բացառում անգամ, որ նոր մարմնում կարող են չընդգրկվել նաեւ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ի եզակի գաղափարական գործիչներից` Մուշեղ Լալայանը: Փոխարենը նոր մարմին են մտնելու ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանը եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը , Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ նոր դեմքեր: Ի դեպ, ՀՀԿ-ն նախատեսում է հենց այդ համագումարով էլ ոչ պաշտոնապես ազդարարել նախընտրական արշավը:




























