ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Պենտագոնում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Դրա մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Երկու ղեկավարները հանդիպել են՝ քննարկելու համար Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները, ներառյալ Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի երկարամյա գործընկերությունը:
«Ձեր այցը պատմական է: Հայաստանն իր ձեռքը մեկնել է Միացյալ Նահանգներին, և ես հպարտ եմ, որ այսօր հյուրընկալում եմ ձեզ»,-ասել է Օսթինը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները սատարում է ինքնիշխան, անկախ և բարգավաճ Հայաստանին, և որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են սերտանալ։
Օսթինն ընդգծել է Կանզասի ազգային գվարդիայի դերը Հայաստանին պաշտպանական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում օգնելու գործում:
Այս ամառ ԱՄՆ-ը և Հայաստանը անցկացրել են Eagle Partner զորավարժությունները, որոնք ուղղված են խաղաղապահ գործողությունների ընթացքում երկու երկրների փոխգործունակության և պատրաստվածության ամրապնդմանը։
Առաջին նման զորավարժություններն անցկացվել են 2023 թվականին։
Ամերիկացի նախարարը միաժամանկ նշել է, որ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգության ապահովման հիմնական աջակցություն է ցուցաբերել, որն օգտագործվում է զրահապատ շտապ օգնության մեքենաների, կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնի և ազգային ուսումնական կենտրոնի համար։
Օսթինը հավելել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել հարաբերությունների ամրապնդումը։
Նա միաժամանակ ընդգծել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
«Մենք ամուր հիմքի վրա ենք կառուցում»,- ասաց նա։ «Մեր զորքերը կողք կողքի ծառայել են Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության ժամանակ, և մենք շարունակում ենք միասին աշխատել Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում:
«Սա մեր առաջին հանդիպումն է, և մենք հագեցած օրակարգ ունենք», - նշել է Օսթինը: «Ես անհամբեր սպասում եմ լսելու ձեր տեսլականի մասին հայ զինվորականների և Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարների մասին», -հավելել է նա:




























