Գլենդելում փականագործների, ներկարարների և այլ կապալառուների համար բիզնեսի կառավարման ծրագրային ապահովում մշակող ServiceTitan տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ ցանկանում է ներգրավել մինչև 502 միլիոն դոլար Nasdaq ֆոնդային բորսայում՝ իր նախնական հրապարակային տեղաբաշխման համար: Դրա մասին գրում է Los Angeles Times-ը։
Ընկերությունից հայտնել են, որ նախատեսում են առաջարկել 8,8 միլիոն բաժնետոմս՝ մեկ բաժնետոմսի համար 52-57 ԱՄՆ դոլար գներով: Ընկերությունը 2022 թվականի նոյեմբերին ֆինանսավորման փուլից հետո գնահատվել է 7,6 միլիարդ դոլար: ServiceTitan-ը չի հայտնել, թե երբ է նախատեսում սկսել սակարկությունը:
ServiceTitan-ը 2007 թվականին հիմնադրել են երկու ընկերներ՝ Արա Մահտեսյանն ու Վահե Կուզոյանը։ Ընկերությունը ավելի վաղ ներգրավել է մոտ 1,4 միլիարդ դոլար վենչուրային կապիտալ ընկերություններից, դրանց թվում՝ Iconiq Growth-ից, Bessemer Venture Partners-ից և Battery Ventures-ից:
Հայկական ServiceTitan ընկերության հաճախորդների թվում են մոտ 8000 պայմանագրային ընկերություններ: Հաճախորդների չափերը տատանվում են ավելի քան 100 հազար մասնագետներ ունեցող ընտանեկան կապալառուներից մինչև խոշոր ազգային ֆրանշիզներ:
Ընկերությունում հայտարարել են, որ ցանկանում են ընդլայնել մասնագիտությունների և սպասարկվող շուկաների քանակը: Հուլիսի 31-ի դրությամբ ընկերությունը Գլենդեյլի իր գլխամասային և ԱՄՆ-ի այլ գրասենյակներում, ինչպես նաև արտերկրի գրասենյակներում 2870 աշխատակից ունի:
Ըստ Business Insider-ի՝ ServiceTitan-ը ներկայացրել է 18 միլիարդ դոլարի հրապարակային տեղաբաշխում 2022-ին, սակայն առաջ չի շարժվել այն բանից հետո, երբ Դաշնային պահուստային համակարգը գնաճի դեմ պայքարի շրջանակում կտրուկ բարձրացրել է տոկոսադրույքները՝ սառեցնելով IPO-ն (արժեթղթերի սկզբնական տեղաբաշխումը ֆոնդային շուկայում):
Ընկերությունը ֆինանսական տարվա համար հայտնել է 614 միլիոն դոլար եկամուտի մասին, որը նախորդ տարվա համեմատ աճել է գրեթե մեկ երրորդով:




























