Ուկրաինայում ռազմական հակամարտություն սկսելու նախադրյալներն արդեն 2013-ին էին, սակայն այն ժամանակ դեռ հնարավորություն կար խուսափել իրավիճակի ռազմական զարգացումից։ Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Յանուկովիչը կարող էր կանխել հակամարտությունն ուժի կիրառմամբ, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե Յանուկովիչն իրեն ճիշտ պահեր և միգուցե ինչ-որ տեղ ուժ գործադրեր ու կանխեր այս «մայդանը», Ուկրաինայում իրադարձությունները գուցե զարգանային ճգնաժամից դուրս, բայց ավելի էվոլյուցիոն ճանապարհով։ Փոփոխությունները, որոնք նրանք ցանկանում էին իրականացնել, կկատարվեին, ես կասեի, խաղաղ ճանապարհով»,-նշել է Բորդյուժան՝ պատասխանելով հարցին, արդյոք Կիևը նման սցենարից խուսափելու հնարավորություն ունե՞ր, թե՞ ոչ։
Ըստ նրա՝ արդեն նշաններ կային, որ իրավիճակը կարող է ավարտվել ռազմական հակամարտությամբ։ «Նախադրյալները, բնականաբար, կային, քանի որ այն ամենը, ինչ, մեծ հաշվով, արվեց Ուկրաինայում, գործնականում արվեց՝ ի հեճուկս Ռուսաստանի ղեկավարության տեսակետի և գործողությունների»,- նշել է Բորդյուժան։
Նիկոլայ Բորդյուժայի հետ հարցազրույցում խոսքը 2014 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես՝ «Եվրամայդանի», մասին է, երբ երկրի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից։





























