Մարտական գործողությունների մասին տեղեկություններ են ստացվում ամբողջ Սիրիայից, ներառյալ հարավային եւ հյուսիսարեւելյան նահանգներից, ինչպես նաեւ Հալեպից, Լաթաքիայից, Տարտուսից եւ Հոմսից։ Այս մասին նշվել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության հայտարարությունում։
Միեւնույն ժամանակ, քաղաքացիական գերատեսչությունները եւ պետական հաստատությունները վերսկսել են աշխատանքը նահանգների մեծ մասում։ Նշվել է, որ ավելի քան 880 հազար մարդ Սիրիայում մնում է տեղահանված, իսկ 225 հազար սիրիացի վերադարձել է տուն, հիմնականում Համա եւ Հալեպ։ Վարչությունում ավելացրել են, որ առնվազն 2 մլն մարդ ջրի պակաս է զգում Հալեպ քաղաքում եւ նրա արեւելյան արվարձաններում, քանի որ չեն աշխատում երկու ջրմուղ կայանները դեկտեմբերի 10-ին «Տիշրին» ջրահանգույցի վնասման պատճառով։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները սկսեցին մասշտաբային հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո կառավարական ուժերի ստորաբաժանումները հեռացան քաղաքից։ Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը եւ հեռացավ երկրից՝ ցուցում տալով իշխանությունը հանձնել խաղաղ ճանապարհով։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը 2024թ. հունվարից գլխավորում է Իդլիբում ընդդիմության ձեւավորած Փրկության կառավարությունը, հայտարարել է իր նշանակման մասին անցումային շրջանի սիրիական կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը կշարունակվի մինչեւ 2025թ. մարտի 1-ը։





























