Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են աջակցել ռազմավարական հարաբերություններին հարեւան Թուրքիայի հետ։ Այս մասին Yeni Şafak թերթին տեղեկացրել է Դամասկոսում իշխանության եկած զինված կազմավորումների ղեկավար Ահմեդ աշ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով։
«Թուրքիայի հետ մենք կունենանք ռազմավարական հարաբերություններ։ Թուրքիան շատ առաջնահերթություններ ունի նոր սիրիական պետության ստեղծման հարցում։ Կլինեն փոխադարձ առեւտրային կապեր, մենք հավատում ենք, որ Թուրքիան Սիրիային կփոխանցի տնտեսական զարգացման իր փորձը»,- ասել է նա։
Աշ-Շարաան հուսով է, որ Սիրիայի բնակիչների կեսը, որոնք երկրից հեռացել են 2011-ից, կվերադառնա հայրենիք։ «Սիրիացիները ապաստան են գտել շատ երկրներում, բայց ամենից շատ ընդունել է Թուրքիան, նա բոլորից շատ է նրանց հանդեպ հարգանք ցուցաբերել։ Հուսով եմ՝ Սիրիան դա չի մոռանա»,- ավելացրել է նա։
Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ հանրապետության տարածքում կարող են գտնվել ավելի քան 2,9 մլն սիրիացի փախստականներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ տեղեկացրել էր մոտ 1 մլն փախստականի վերադարձն ապահովելու պլանների մասին։ Սիրիայում Բաշար Ասադի վարչակազմի անկումից հետո սիրիացիներն սկսել են վերադառնալ Թուրքիաից հայրենիք։





























