ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չորեքշաբթի կոչ է արել «ազատ և արդար ընտրություններ» անցկացնել Սիրիայում և հորդորել մարդասիրական օգնություն ցուցաբերել պատերազմից տուժած երկրին՝ երկրի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո, հայտնում է Al Arabiya-ն։
Պեդերսենը Դամասկոսում լրագրողներին հայտնել է, որ «մեծ հույս կա՝ այժմ տեսնել նոր Սիրիայի սկիզբը», որն, ըստ նրա՝ կներառի նաև «քաղաքական լուծում» քրդերի կողմից վերահսկվող հյուսիս-արևելքում:
ՄԱԿ-ի բանագնացը կոչ է արել ստեղծել «նոր Սիրիա, որն, ըստ Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի, կընդունի նոր Սահմանադրություն» և «ազատ և արդար ընտրություններ, երբ ժամանակը գա, անցումային շրջանից հետո»:
2254 բանաձևը, որն ընդունվել է 2015 թվականին պատերազմի ամենաթեժ պահին, սահմանեց Սիրիայում քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզը: Երբ դեկտեմբերի 8-ին թուրքամետ ընդդիմությունը գրավեց Դամասկոսը և տապալեց Ասադին, Պեդերսենը հույս հայտնեց, որ սիրիացիները կարող են վերականգնել իրենց երկիրը, և որ գուցե մեկնարկի նախորդ կառավարության օրոք սահմանված պատժամիջոցների վերացման գործընթացը:
«Անհապաղ մարդասիրական օգնության կարիք կա, բայց միաժամանակ պետք է համոզվել, որ Սիրիան կարող է վերակառուցվել, որ մենք տեսնենք տնտեսության վերականգնումը»,-նշել է նա։
Պեդերսենը շեշտել է, որ «ամենամեծ մարտահրավերներից մեկը հյուսիս-արևելքում տիրող իրավիճակն է՝ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումների միջև մեծ սրացման մտավախությունների ֆոնին:





























