Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին 300 հազարանոց կանոնավոր բանակ ստեղծելու հարցում։ Դրա ձեւավորմանը կմասնակցեն թուրք զինվորական խորհրդականներ եւ մասնագետներ, տեղեկացրել է Turkiye թերթը։

«Մեր նպատակը մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում 300 հազարանոց բանակ ստեղծելն է։ Երկրի ներսում ստեղծված բարդ իրավիճակը եւ իսրայելական վտանգը դա անհրաժեշտ են դարձնում»,- պարբերականին հայտնել է արաբական հանրապետության նոր ղեկավարությունը ներկայացնող գեներալ Ահմեդ Օսմանը։

Նրա խոսքով՝ սկզբնական փուլում կձեւավորվի 70-80 հազարանոց զինված ուժերի կորիզ, եւ ամենակարճ ժամկետում նրանց թիվը կհասնի 150-200 հազարի։ «Ստեղծվող բանակի մեջ կընդգրկվեն Իդլիբից «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման 50 հազար զինվորականներ, ինչպես նաեւ ռազմական եւ հետախուզական սպաներ, որոնք ներգրավված չեն եղել [Բաշար ալ-Ասադ ռեժիմի] հանցագործությունների մեջ»: Թուրքիայի ռազմական աջակցությունն այս փուլում բացառիկ նշանակություն ունի»,- նշել է Օսմանը։

 Turkiye-ի հավաստիացմամբ՝ թուրքական ռազմական զորակազմը տեղակայվելու է Սիրիայի հինգ կենսականորեն կարեւոր կետերում։