Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շուտով Հալեպում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, եւ Անկարան կշարունակի աջակցել Սիրիայի նոր իշխանություններին բոլոր ոլորտներում։

«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում եւ շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում։ Մենք տեսնում ենք, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը [իշխանափոխության ժամանակ] շատ լավ կառավարեց գործընթացը, եւ նրա չափավորությունն ու կառուցողականությունը գնահատվեցին։ Մենք կաջակցենք Սիրիային այն ամենում, ինչ անհրաժեշտ է՝ էներգետիկայից մինչեւ կրթություն եւ առողջապահություն, անվտանգությունից մինչեւ առեւտուր: Մենք կօգնենք նոր իշխանություններին, որպեսզի Սիրիան վերականգնվի, ուժեղացնի իր ներուժը եւ թույլ տա պետական ​​հաստատություններին կրկին կատարել իրենց հիմնական պարտականությունները»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» խմբակցության առջեւ ունեցած ելույթի ժամանակ։