Չինական Xpeng ընկերությունը ցանկանում է իր թռչող մեքենան վաճառել ամերիկացիներին։ Xpeng-ը պատրաստվում է իր նորագույն մշակումը՝ Land Aircraft Carrier-ը (LAC), ցուցադրել СES-2025 ցուցահանդեսում, որը տեղի կունենա Լաս Վեգասում հունվարի 7-11-ին։

Չինաստանում LAC պատվերների ընդունումն արդեն սկսվել է, իսկ հայտերի թիվը գերազանցել է երկու հազարը, չնայած մոդելը կարժենա մոտ երկու միլիոն յուան, գրել է Мотор.ру-ն։

Land Aircraft Carrier-ը (LAC) վեց նստատեղով եռասռնանի մինիվեն է հիբրիդային ուժային համակարգով, որտեղ ներքին այրման շարժիչը հանդես է գալիս որպես գեներատոր: Նրա բեռնախցիկում կա թռչող մոդուլ, որը նախատեսված է երկու անձի համար. այն ունի վեց ռոտորներ եւ մի քանի շարժիչներ, որոնց շնորհիվ նույնիսկ մի քանի շարժիչների խափանումը չի հանգեցնի անկման, եւ կարող է ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարել:

LAC արտադրությունը դեռ չի սկսվել. Xpeng-ը միայն հոկտեմբերի վերջին սկսեց գործարանի կառուցումը, որտեղ կհավաքվեն թռչող մեքենաները: Ձեռնարկությունը, որը գտնվում է Գուանչժոուում, նախատեսված  կլինի 10 հազար մեքենա արտադրելու համար։

Միեւնույն ժամանակ, չինական լրատվամիջոցները գրում են, որ Գուանչժոուում կառուցվող գործարանը կարտադրի միայն թռչող մոդուլներ, իսկ փոխադրող մինիվենն իր հերթին «գրանցվելու» է արդեն գոյություն ունեցող XPeng գործարանում. ընկերությունն ունի երկու գործարան՝ Չժաոցինում եւ Գուանչժոուում: