Քենիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ավելի քան վեց տասնամյակ առաջ իբրև մանկական հափշտակվածություն սկսված զբաղմունքը Աֆրիկայի ամենամեծ թիթեռների հավաքածուի ստեղծմանը պիտի հանգեցներ: Դրա մասին հայտնել է Associated Press-ը:
74-ամյա Սթիվ Քոլինզը ծնվել և մեծացել է արևմտյան Քենիայում: Հինգ տարեկանում նա տարվում է թիթեռներով և սկսում հավաքածու կազմել, որն այժմ հարյուրավոր տեսակներ ներկայացնող ավելի քան 4,2 միլիոն նմուշ է:
Իր 20-ամյա գյուղատնտեսական կարիերայի ընթացքում Քոլինզն իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել է հետազոտություններին։ 1997 թվականին հիմնադրել է Աֆրիկյան թիթեռների հետազոտությունների ինստիտուտը։ Այժմ, երբ նա տարածքի ու ժամանակի խնդիր ունի, հուսով է, որ իր գործը կփոխանցի հաջորդ սերնդին: Նրա 0,6 հեկտար տարածքում հարյուրավոր տեղական ծառեր և ծաղկող թփեր խիտ անտառ են կազմում: Հարյուրավոր թիթեռներ թռչում են մի ծաղիկից մյուսը՝ երբեմն վայրէջք կատարելով Քոլինզի ձեռքին։ Նրա հավաքածուն մասնավոր է, թեև ի սկզբանե այն բաց էր հանրության համար, երբ 1998-2003 թվականներին նա այն աշխատեցնում էր որպես կրթական կենտրոն:
Քոլինզն ունի 1,2 միլիոն թիթեռ ամբողջ Աֆրիկայից՝ կոկիկ ամրացված շրջանակների մեջ և դարակներին շարքերով դասավորված, և ևս 3 միլիոնը՝ ծրարներով:
Աֆրիկայի գծով մասնագիտացած էկոլոգ, Օքսֆորդի Բրուքսի համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր Ջուլիան Բեյլիսը նշել է, թե ինքը Քոլինզի համար թիթեռներ է հավաքել ավելի քան երկու տասնամյակ:
«Այս հավաքածուի մեծ մասը բացարձակապես անփոխարինելի է, քանի որ Աֆրիկայում թիթեռների բնակավայրի մեծ մասը ոչնչացվում է»,- շեշտել է Բեյլիսը:
Աֆրիկան խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ, երբ երկարատև երաշտն ու և ուժեղ ջրհեղեղների ժամանակաշրջանում ոչնչանում են անտառները և թիթեռների այլ բնակավայրերը, պարզաբանել է նա:




























