Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգային  գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը դեկտեմբերի 15-ին նախագահել է Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության (CUF)  Հայաստանի հարցերով խմբի առաջին նիստը, որը կայացել է Նանտերի վարչական շենքում: Հանդիպման նպատակը  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով արդյունավետ համագործակցության զարգացումն էր, հաղորդում է  «Nouvelles dArménie»-ին:

Այս հանդիպումը CUF անդամ տեղական իշխանությունների ներկայացուցիչների համար հնարավորություն է որոշելու գործունեության ուղղությունները  եւ կազմելու 2012թ. օրակարգի նախագիծը:

CUF-ը կառավարում է 3000 տեղական մարմինների ցանցը. այն իրականացնում է միջազգային համագործակցության միջոցառումներ եւ հանդես է գալիս որպես տեղեկատվության եւ փորձի փոխանակման ֆորում: Այդ փոխանակումները, մասնավորապես, կազմակերպվում են  աշխարհագրական խմբերի` «երկրների խմբերի» կողմից` տեղական իշխանությունների մասնակցությամբ, որոնք ցանկանում են ծրագրեր նախաձեռնել համապատասխան երկրներում:

Այս համատեքստում Հայաստանի հարցերով խմբի նախագահությունը, 2011թ. նրա ստեղծվելուց հետո, վստահվել է  Օ դը Սենի գլխավոր խորհրդին: