Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնի քննիչի ներկայացրած միջնորդությունը` կալանքը որպես խափանման միջոց կիրառել Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորայր Միրզախանյանի նկատմամբ, եւ նրա դեպքում ընտրվել է քաղաքից չբացակայելու ստորագրությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, դեկտեմբերի 12-ին, ձերբակալել է Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակից Նորայր Միրզախանյանին («Կարտոլ» մականունով), ում մոտ 7 գրամ թմրանյութ էր հայտնաբերվել: Միրզախանյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը):
Անկուսակցական, ԵԿՄ անդամ Նորիկ Միրզախանյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է: Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Վարդան Վարդանյանը պատմել էր, որ Նորայր Միրզախանյանն իր 6 տարեկան երեխայի հետ հոգեհանգստի արարողությունից վերադառնալիս է ձերբակալվել:
«5-6 մեքենայով կանգնեցնում են իր մեքենան, ավտոմատները վրան պահում, ձերբակալում ու տանում են` 6 տարեկան երեխային մթան մեջ միայնակ թողնելով Երեւան-Արմավիր խճուղում: Ժամեր անց ՃՈ-ի ոստիկաններն են երեխային բերում Էջմիածին: Ներկա պահին նույնիսկ թույլ չեն տալիս, որ փաստաբան մոտենա Միրզախանյանին: Սովետական միլիցիայի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի մեթոդներով ձերբակալություն է տեղի ունեցել առանց որեւէ բան ասելու: Երեխան երեկվանից տեսածից ուշքի չի գալիս, լեզուն կապ է ընկել:Մենք ավելին չգիտենք, մեր ունեցած ինֆորմացիան երեխայի պատմածների հիման վրա են»,- ասել էր Վարդանյանը:




























