Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի 10-րդ ուղիղ եթերը կհիշվի տնտեսական ու քաղաքական իրավիճակի վերաբերյալ նրա յուրահատուկ գնահատականներով, բայց ամենահիշվող արտահայտությունը հետեւյալն է. «Զզվեցրին ինձ այդ ընտրությունները»:

Այս արտահայտությունը Պուտինն արտասանել է կիսաձայն, պատասխանելով ընտրությունների վերաբերյալ վերջին հարցին: Նա հայտարարել է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները ունակ են Ռուսաստանը ներքաշել «հասարակության ապակայունացման մշակված սխեմաների մեջ»: Նաեւ կասկած է հայտնել, թե ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին գումար են վճարում ակցիաներին մասնակցելու համար: Նշենք, սակայն, որ հենց ի պաշտպանություն Պուտինի ու իշխող կուսակցության դեկտեմբերի 12-ին կազմակերպած հանրահավաքից հետո տեսախցիկները ֆիքսել էին, որ կտրոններով ակցիայի մասնակիցներին գումար են բաժանում:

«Ես կարծում եմ, որ մարդկանց, ովքեր դուրս էին եկել հրապարակ, իսկ ես գիտեմ, որ այնտեղ նույնիսկ ոչ մեծ գումարներ են տվել ուսանողներին (նորմալ է, թող վճարեն, թեեւ երեխաները քիչ են վաստակել), բայց բոլոր դեպքերում թույլ տալ իրենց նսեմացնել, դա անթույլատրելի է»,-հայտարարել է վարչապետը:

Պուտինի այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել ինտերնետում, իսկ Պուտինի ֆոտոմոնտաժը`հակաբեղմնավորիչները ձեռքին, ինտենտերում են հայտնվել նախքան նա կավարտեր իր ուղիղ եթերը, գրում է «Վեդոմոստին»:

Ընդդիմության դեկտեմբերի 10-ի ակցիայի կազմակերպիչներից Իլյա Յաշինը Պուտինի հայտարարությունը համարել է ուղղակի վիրավորանք, որ իբր ուսանողներին վճարել են բողոքի հանրահավաքին մասնակցելու համար: «Վարչապետը, երեւի, մեր ակցիան շփոթել է «Եդինայա Ռոսիա»-ի ու «Նաշիստների» հերթական միջոցառման հետ»,- ասել է Կլիշինը, ով նույնպես Facebook-ում ընդդիմադիրների խմբերի մոդերատորն է: Նա հիշեցրել է, որ կան բազմաթիվ վկայություններ, թե ինչպես կաշառքի ու սպառնալիքների միջոցով «Նաշիստները» հանրահավաքի են հավաքել մարդկանց: Կլիշինի խոսքով, Պուտինի խոսքը ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ անպատկառ:

«Պառնաս» շարժման համանախագահներից Վլադիմիր Ռիժկովը հայտարարել է, որ Պուտինը այդպես էլ ոչինչ չհասկացավ ողջ Ռուսաստանում անցկացվող «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով բողոքի ակցիաներից, գրում է NEWSru.com-ը:

Լրագրող Օլեգ Կաշինը հայտարարել է. «Դեկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպիչները Սախարովի պողոտայում տեսանյութերի մրցույթ են հայտարարել, որտեղ հայտնի մարդիկ կոչ են անում մասնակցել հանրահավաքին: Այսօր Պուտինը հաղթեց այդ մրցույթում: Տեսանյութը, կարծես, մի փոքր երկար ստացվեց, բայց այն հաջող է: Ինձ թվում է, որ նա այսօր սեփական գեղեցիկ քաղաքական ինքնահրկիզումն իրականացրեց»: