Պրոխորովի ակտիվությունը համաձայնեցված է Պուտինի հետ: «Նեզավիսիմայա Գազետա»-ին նման անակնկալ հայտարարություն է արել գործարարին մոտ կանգնած աղբյուրը:
Նախագահի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, գործարարին բաժին չի հասնի, այդ պատճառով պայմանավորվածություն է ձեռք բերվել նրան հետագայում վարչապետ նշանակելու մասին:
«Պուտինի համար ավելի հեշտ կլինի խախտել Մեդվեդեւին տված խոստումը, քան նրան թույլ տալ այդ պաշտոնը զբաղեցնել: Դումայի ներկա վիճակը, Մեդվեդեւ վարչապետի գլխավորությամբ, աղետալի հետեւանքներ կունենա»,- համոզմունք է հայտնել անանուն աղբյուրը:
Միեւնույն աղբյուրը նաեւ Դումայի պառակտումն է կանխագուշակել, որը կավարտվի կա’մ վերընտրությունով, կա’մ «Եդինայա Ռոսիայից» մնացած պատգամավորների առանձնացմամբ: Հնարավոր է նաեւ Դմիտրի Ռոգոզինի «Ռոդինա»-ի վերածնունդը:
Այս բացահայտումների ֆոնին երեկ Պուտինը Միխայիլ Պրոխորովի նկատմամբ իր համակրանքն է արտահայտել` նշելով, որ նա արժանի հակառակորդ է, ով գործում է օրենքի շրջանակներում եւ այնպիսի գաղափարներ է առաջ քաշում, որոնք պետքական է համարում:
Ժողովրդական ազատության կուսակցության համանախագահ Բորիս Նեմցովը «ՆԳ» -ի հետ զրույցում նույնպես համաձայնել է այս վարկածին: «Պրոխորովի հիմնական նպատակը Պուտինի վարչակարգի շարունակությունն է»,- ասել է նա եւ հավելել. «Ռուսաստանում միլիարդատերերը շատ անազատ մարդիկ են: Առանց Կրեմլի հետ պայմանավորվածության գալու, նրա առաջադրվելն անհնար կլիներ»:
Հիշեցնենք, Միխայիլ Պրոխորովը երեկ` դեկտեմբերի 15-ին հանդիպել է իր համակիրների հետ, իսկ երեկոյան փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ` որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար:




























