ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հետաձգել է ծրագրված այցը Կիև և եվրոպական այլ մայրաքաղաքներ մինչև հունվարի 20-ին Թրամփի երդմնակալության արարողությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս իրազեկ աղբյուրներ։

Գործակալությունը դեկտեմբերին հայտնել էր, որ պատերազմի ավարտին ուղղված ջանքերի շրջանակում պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը պլանավորում էր հունվարի սկզբին մեկնել Կիև և հանդիպել Ուկրաինայի ղեկավարների հետ:

Նրա թիմը նաև աշխատել է այցեր կազմակերպել Հռոմ և Փարիզ, որտեղ Քելլոգը ծրագրել էր հանդիպումներ եվրոպացի առաջնորդների հետ: Իր շրջագայության ընթացքում նա չէր նախատեսում այցելել Մոսկվա։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Քելլոգը Ուկրաինա կմեկնի Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո, թեև ուղևորության ամսաթիվը դեռ որոշված ​​չէ։ Անհայտ են նաեւ պատճառները, թե ինչու է որոշվել հետաձգել այցը։

Ո՛չ Քելլոգը, ո՛չ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը չեն արձագանքել մեկնաբանությունների խնդրանքներին, գրում է գործակալությունը։