Չինացի սեյսմոլոգներն արդեն 515 հետցնցում են գրանցել Տիբեթի ինքնավար շրջանի աղետի գոտում, որոնք տեղի են ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում հիմնական, ավերիչ երկրաշարժից հետո: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվել է, որ Շիգաձե քաղաքի տարածքում շարունակական սեյսմիկ ակտիվության դեպքերի 95 տոկոսը եղել են 3,0 մագնիտուդի ցածր ցնցումներ։ Դրանցից ամենաուժեղը հասել է 4,4 մագնիտուդի։

Հունվարի 7-ի առավոտյան Տիբեթի ինքնավար շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ բնակելի շենքերի եւ ենթակառուցվածքների ավերման։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 400 զինվորական։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտուց։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է առավելագույն ջանքեր գործադրել հետեւանքները վերացնելու համար։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Չինաստան-Նեպալ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,1։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգաձեից (80 հազար բնակչությամբ) 163 կմ հարավ-արեւմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորությունում։ Պեկինում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ սեյսմիկ ակտիվության գոտում ռուսների մասին տեղեկություն չի եղել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զոհվել է առնվազն 126 մարդ, եւս 188-ը տուժել է։