Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Արեւմտյան ափի) միջազգային «VIZA» ռոք խմբի հետ միավորել է ջանքերը` կոչ անելու վերադարձնել Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի կառավարության կողմից բռնագրավված եկեղեցապատկան գույքը:

Սոցիալական մեդիայի միջոցով խնդրին աջակցելու նպատակով շահագրգիռ կողմերի միավորմանը կոչված «Broadcause» նախագիծն իր կայքում բարձրացնում է գողացված եկեղեցապատական գույքի հարցը:

Այս կապակցությամբ հանձնախմբի նախագահ եւ «VIZA» -ի անդամ Էնդրյու Կիզիրյանը հայտարարել է. «Առաջին անգամ չէ, որ «VIZA» -ն համագործակցում է մեզ հետ`  մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, եւ դա համապատասխանում է  խմբի որդեգրած ` երաժշտական հանրության մեջ սոցիալապես գիտակցված ձայն լինելու մոտեցմանը»:

Նման գործընկերությունը ժամանակին է, քանի որ համընկնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունման հետ, որով Թուրքիային  կոչ է արվում հարգել կրոնական փոքրամասնության իրավունքները եւ վերադարձնել բռնագրավված եկեղեցական գույքը: