Կատարը Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ արմատականների կողմից պահվող պատանդների ազատ արձակման համաձայնագրի ամփոփիչ նախագիծը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։

Գործակալության զրուցակցի տեղեկություններով՝ հունվարի 12-ի երեկոյան Կատարի կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին բանակցություններ է վարել Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Դեւիդ Բարնեայի եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելքում հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի հետ։ Կեսգիշերից հետո Դոհայում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ առաջընթաց է գրանցվել, ասել է աղբյուրը։