ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երեւանի ինքնիշխան որոշումն է, ՌԴ-ն ոչ մեկին չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։

«Երեկ ես լսեցի, որ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Արարատ Միրզոյանը [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ ստորագրել է համաձայնագիր՝ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Բայց սա երկու պետությունների ինքնիշխան որոշումն է»,- համոզված է Լավրովը։

Նրա խոսքով՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել եւ ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։ «Մենք օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արեւմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն դրանք՝ այդ պայմանագրերը, երբեք, ռազմավարական գործընկերություն հռչակելով, չեն պահանջել այս կամ այն ​​մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։